Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Նիհիլիզմի, պրագմատիզմի ու ցինիզմի միջակայքում

Նիհիլիզմի, պրագմատիզմի  ու ցինիզմի միջակայքում
07.02.2017 | 00:57

Ընտրությունների օրացույցով երեկ ԿԸՀ-ն սկսել է քաղաքական ուժերի ու դաշինքների՝ ընտրությունների մասնակցության հայտերի ընդունումը: Փետրվարի 6-16-ը: Տրամաբանորեն կիրակի օրը քաղաքական դեգերումները ավարտված պիտի լինեին, բայց հայերը երրորդ զանգի ժողովուրդ են: Իսկ հայ քաղաքական գործիչները նաև անդրկուլիսային կախարդներ են: Հրապարակային հրեշտակներ, որ կուլիսների հետևում գործում են զուտ պրագմատիկ շահերով: Իրենք մեղավոր չեն՝ հանգամանքներն են այդպիսին: Ընտրական օրենսգրքից մինչև ընտրացուցակներ ու անցողիկ ռեյտինգային թեկնածուներ, տոկոսներ: Ընտրական օրենսգիրքը ստեղծել է պայմաններ, որ քաղաքական ուժերը հաջողության համար ստիպված են դիմել դաշինքների: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը համարում է, որ սահմանադրական փոփոխությունները արդեն դրական են ազդում քաղաքական դաշտի վրա՝ նպաստելով քաղաքական ուժերի խոշորացմանը: Միանգամայն ճիշտ է, բայց՝ ձևականորեն: Վերջին մեկ ամիսը ապացույց:

Բացի «Ելք» դաշինքից՝ ի՞նչ հիմքով են ձևավորվում մյուս դաշինքները: Ինչ էլ հայտարարեն, ակնհայտ է, որ բոլոր պայմանավորվածությունների հիմքում կա զրո գաղափար, իշխանություն ստանալու կամ մերձիշխանության ձգտում ու զրո պատկերացում հետագա քայլերի մասին: Փաստացի՝ նպատակը ՀՀԿ-ին իշխանազրկելն ու իշխանություն դառնալն է, որ նշանակում է զրո փոփոխություն քաղաքականության տեսակետից: Հաջողության դեպքում ոմանք կգնան, ոմանք կգան՝ նույն խմորից, նույն միսուարյունից, նույն նպատակով: Քաղաքական դաշտի ոչ թե հստակեցում է, այլ շահերի գնահատում՝ փողի ու հեռանկարի հիմքով: Բաց, ցինիկ առևտուր՝ ո՞վ ցուցակում ո՞ր տեղում կլինի, ո՞վ ո՞ր պաշտոնը կստանա ընտրություններից հետո: Գործընթացը ժամկետի մեջ չի տեղավորվում, որովհետև ծով են հավակնությունները, երաշտ է ռեսուրսների մեջ, պայմանավորվածություններն ավազի վրա են՝ ոչ ոք ոչնչի երաշխիք չի տալիս ու չի դառնում: Չի կարող, ոչ թե չի ուզում:


ՀՀԿ-ի ներսում իրականում «ջրային» գործընթացներ չկան՝ ջուրը նախ և առաջ մաքրում է: Մաքրություն ՀՀԿ-ին պետք չէ սկզբունքորեն. մաքրության ալիքը ՀՀԿ-ն կդատարկի՝ թողնելով մի քանի հարյուր մարդ, որ անդամագրվել են տասնամյակներ առաջ, երբ ՀՀԿ-ն կուսակցություններից մեկն էր, մեկ պատգամավոր ուներ ԳԽ-ում ու իշխանության հետ կապ չուներ, երբ ՀՀԿ-ն իրոք գաղափարների շուրջ համախմբված ու գաղափարների համար պայքարի պատրաստ քաղաքական ուժ էր: Նրանք գոնե ճանապարհ են անցել, գոնե պատկերացում ունեն պահպանողականության, Գարեգին Նժդեհի ով լինելու ու ինչ անելու, ընդդիմության ու իշխանության փոխհարաբերությունների մասին: Այսօր նրանք բացարձակ փոքրամասնություն են կուսակցության մեջ ու չեն կարող դիմակայել զանգվածին, որ լցվել է ՀՀԿ, երբ կուսակցությունն իշխանություն էր, ՀՀԿ է բերել իր կանոնները, որոնք բացարձակ տարբեր են հրապարակային հայտարարություններից, որոնց հիմքում երեք պարզ պահանջներ են՝ լծակ, կարիերա, փող: Հաջորդականությունը կարևոր չէ՝ փոխկապակցված են: Իրենց պահանջները նրանք համարում են օրինական ու աստվածատուր՝ էլիտա են ու կոչված են կառավարել ի վերուստ: Ո՞վ ասաց: Աստծո հետ ուղիղ հաղորդակցության մեջ նրանց ոչ ոք չի տեսել, իրենց կարծիքը իրենց կարծիքն է՝ ինչքան ճիշտ, նույնքան սխալ է: Վկան` Հովիկ Աբրահամյանը: Նրանից էլ առաջ՝ Տիգրան Թորոսյանը:


Փողի հիմքով քաղաքական նիհիլիզմի սքանչելի օրինակ է Ծառուկյանի դաշինքը: Եթե կան գաղափարական հիմքեր, ո՞րն է նրանց հավատո հանգանակը: Մահապարտությո՞ւնը: Հանուն ինչի՞: Իշխանության գալու համար ընտրությունները կեղծիքներից պաշտպանելո՞ւ: Մարդկանց ձայները գնելո՞վ: Ֆանֆանտյուլպանների ժամանակն անցել է՝ նրանք գոնե գործում էին համաժամանակյա, ԲՀԿ-ն դա էլ չի անում:

Ի՞նչ կապ ունի ազատական ՀՀՇ-ն Ծառուկյանի դաշինքի հետ: Գիտի՞ Արարատ Զուրաբյանը: Երևի: Բայց չգիտի Ալեքսանդր Արզումանյանը՝ դեմ է: Եվս մի դաշնակից՝ «Միասնության» անդամ Արման Վարդանյանը, հայտարարում է. «Բոլոր ուժերը, որ հավաքվել են դաշինքի մեջ, հավատում են, որ Ծառուկյանի առաջնորդությամբ մենք բոլորս կարող ենք այդ ծրագրերն իրականացնել։ Ստեղ ամենակարևորը հավատն է այդ մարդու նկատմամբ»: Ինչո՞ւ չհռչակել Գագիկ Ծառուկյանին նոր կրոնի հիմնադիր՝ հավատ առ անհայտ ծրագրերի իրականացում: Նրան հավատում են ազատական ռամկավարները՝ իրենց երկրորդ 100-ամյակում, ՍԴՀԿ-ն, «Ալյանսի» նախագահն էլ ասում է՝ «Ես էն մարդը չեմ, որ երբևէ հեռացել է Գագիկ Ծառուկյանից»: Հույժ քաղաքական հակակերպար Հակոբ Հակոբյանից (պարզապես Ճոյտ) հետո ամենամեծ ձեռքբերումը «Նուռն» էր, որ տանում է Քոչարյանի դուռը (պաշտոնապես «Ազգային համաձայնություն»)։ Եթե նույնիսկ իրենք իրենց հավատում են, նրանց ինչպե՞ս անփող հավատաս: Գագիկ Ծառուկյանի հետ «խորհրդատվական հանդիպումներում» քննարկվում է՝ ում որ տեղը կտա իր ցուցակում հարցը: Եթե դաշինքը չի կայանում, Մագդուն ասել է՝ ոչինչ չի տա: Գաղափարը կապ չունի: Այդպես է ուզում՝ ուզո՞ւմ է Վարդան Ղուկասյանին, դուրս է գալիս ՀՀԿ-ից ու վարկանիշայինով առաջադրվում ԲՀԿ-ից, չի՞ ուզում Մարտուն Գրիգորյանին, դուրս է գալիս ԲՀԿ-ից ու վարկանիշայինով առաջադրվում ՀՀԿ-ից: Ինչո՞վ մահապարտներ չեն: Ոչ նրանք: Գյումրեցիները: ՈՒ մենք, եթե հավատանք Մագդուին: Թաղային հեղինակությունների ու գաղափարների պայքարում անխոս հաղթում են «թաղայինները»՝ գաղափարը ապրիորի է՝ ո՞վ է տեսել, ո՞վ է լսել, ո՞ւմ է տաքացրել, «թաղայինները» գալիս են ու փողը տալիս են: ՈՒմ հավատում են՝ ինչո՞վ հավատի մրցակցություն չէ, ինչո՞վ գաղափար չէ՝ «Ո՞վ է ավելի հավատարիմ»-ի աճուրդում: Դա միայն ԲՀԿ-ին չի վերաբերում: Աճուրդում են բոլորը, որ այլ ելք չեն տեսնում:


Մագդուի աճուրդից դուրս մնաց «Ժառանգությունը»՝ բրենդն արդեն չէր հասնում հավակնությունների հետևից: Անցած շաբաթ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վերջապես ասաց, որ կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել: Ընտրություններին կմասնակցեն: Դաշինքով: Ֆանտաստիկ առաջընթաց է՝ քանի ժողով են արել, որ որոշեն մասնակցե՞լ, չմասնակցե՞լ, միայնա՞կ, դաշինքո՞վ՝ իրենք էլ չգիտեն: Հիմա բանակցում են «Ելք»-ի ու Օհանյան-Օսկանյան դաշինքի հետ: Նոր փակուղի: Չգիտե՞ն ժառանգականները, որ «Ելքը» և ՕՕ դաշինքը միմյանց հետ ընդհանրություններ չունեն: Արմեն Մարտիրոսյանը կարող է, որքան ցանկանում է, փաստաբանել Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի համար, բայց դա ընտրություն չէ երկու հակամետ դաշինքների միջև, այլ առևտուր՝ ո՞վ ավելին կտա: Նույնիսկ այն պարագայում, երբ «Ելքը» առաջինը և հստակ ներկայացրել է իր դաշնակցային հուշագիրը, իսկ ՕՕ դաշինքի անունն ու կազմն էլ դեռ պարզ չեն: Գործնականում դա հայտարարություն է, որ միանում են ՕՕ դաշինքին, որովհետև «Ելքը» իրենց մերժեց: Իսկ «Ելքը» բոլոր հիմքերն ունի հարցնելու՝ ամենասկզբից մեզ հետ էիք, հետո հեռացաք այլ ուժերի հետ բանակցելու՝ առանց ձեր տարաձայնությունները հայտնելու, հիմա վերադառնում եք, որ ի՞նչ ասեք: Որ մեզ և ՕՕ դաշինքը նույն նժարին դնե՞ք: ՈՒ որո՞նք են մեր ընդհանրությունները: Փոխարենը ՕՕ դաշինքը հենց այնպես կարող է իրավատեր Րաֆֆի Հովհաննիսյանին խոստանալ նախագահի պաշտոն, որ նա որոնում է 2013-ից: 2018-ին Բաղրամյան 26 մտնելու խոստումը բավարար հիմք է, որ «Ժառանգությունը» «խորապես» հիմնավորի իր դաշնակից լինելը խորապես ռուսամետ ՕՕ դաշինքի հետ՝ ընտրական պրագմատիզմը տրամաբանությանը չի բարևում: Նիհիլիզմ չէ, ցինիզմ չէ, առօրյա, տաղտուկ, կուսակցական աշխատանք է:


Սեյրան Օհանյանը շարունակում է տեսաուղերձել իրեն: Այնքան համակարգված, որ ՀՀԿ-ն կարող է իրեն ներկայացվող մեղադրանքներից օրը մեկը ջնջել՝ համարելով, որ Սեյրան Օհանյանը դա էլ ասաց ու ընտրություններից առաջ թեման փակեց: Նախագահականի հետ կապերի մեջ բնավ չկասկածելով, անկեղծ հավատալով նրա անկեղծությանը, հաշվի առնելով, որ բոլորն էլ սխալներ անում են ու բոլորն էլ ունեն սխալներն ուղղելու իրավունք, միջին վիճակագրական յուրաքանչյուր ընտրող իրավունք ունի նրան հարցնել՝ ընդունո՞ւմ է, որ առաջ սխալ է եղել, թե՞ սխալ են բոլորը՝ առաջ, հիմա, հետո, ինքը միշտ ճիշտ է: Գնահատական տվող Սեյրան Օհանյանը ինչո՞ւ ինքնագնահատականից չի սկսում, ինչո՞ւ է հիմա իրեն համակարգից առանձնացնում՝ չգնահատելով համակարգում եղած տարիները: Թե՞ առաջ պետական ունեցվածքն արդար էր բաշխված, հիմա՝ անարդար ու՝ «Հերիք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարևոր աշխատանք կատարողներին ասում են՝ փող չկա, պետք է համակերպվել»: Սեյրան Օհանյանը Արթուր Բաղդասարյանից խլել է երկրի թիվ մեկ պոպուլիստի դրոշակը՝ բացահայտ ամբոխահաճ կոչերով: Ամբոխահաճ, բայց ոչ ժողովրդասեր: Նրա կարգախոսները «Չի կարելի»-ների շարքից որևէ իմաստ կունենան, եթե մեկ տասնյակ «Չի կարելի»-ներին գոնե մեկ «ինչպես»-ը համեմեր: Բոլորն էլ գիտեն, որ Ա-ից Բ կետ ամենակարճ ճանապարհը ուղիղն է, բայց ինչպե՞ս անցնել Ա-Բ, եթե փոսեր ու բլուրներ են: Վարդան Օսկանյանի վրա է գործնականում դաշինքի կայացումը, երբ Սեյրան Օհանյանը մենախոսություններով ավելի շատ հարցեր է ստեղծում, քան դաշինքին համակիր է ավելացնում: Չհաշված Պարույր Հայրիկյանին ու Տիգրան Կարապետյանին: Նրանք գիտեն, որ. «Եթե մենք չկարողանանք փոխել այսօրվա արատավոր այս համակարգը խաղաղ ճանապարհով և ընտրությունների միջոցով, վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ»: Միշտ են իմացել ու ի՞նչ են արել: Մեկը երգել է, մյուսը՝ երգացրել: Իսկ հիմա պատրաստ են պայքարի ու պատրաստ են նաև դաշնակցել Մագդուին: Իզուր, եթե կարծում են, որ նա գնալու է իշխանափոխության մինչև վերջ: Գլխավոր կուլիսում Ծառուկյանն ունի պայմանավորվածություն՝ մինչև ուր: Չի խախտելու: Նրա «մահապարտները» չեն մեռնելու, ի տարբերություն իսկական մահապարտների, որոնց թիկունքում հայրենիքն էր, դիմացը՝ թշնամին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Տխուր է: Տաղտուկ: Տտիպ: Չես ուզում, բայց պարտավոր ես ասել՝ մի զոմբիացեք ու մի զոմբիացրեք ընտրողին: Նիհիլիզմը, պրագմատիզմը, ցինիզմը միշտ են եղել, կան ու լինելու են, ձեզ մի տեղավորեք նրանց շրջանակներում, նրանք թունավոր են ու ավելի թունավոր պտուղներ են տալիս, երբ պատվաստվում են իրար: Դուք էլ եք ուտելու: Ընտրություններից հետո կյանքը շարունակվելու է՝ այստեղ ու հիմա: Ձեզ մի համարեք երկրի պորտը, աշխարհը ձեր շուրջը չի պտտվում, մի կուտակեք բացասական էներգիա: Իշխանությունը նպատակ չէ, միջոց է: Ինքնագնահատական ունեցեք: Նպատակ ունեցեք, վերջապես մեխանիզմ գտեք ձեր նպատակներին հասնելու համար ու դադարեք օդում սրեր ճոճել, եթե Ալեքսանդր Մակեդոնացին չեք ու գորդյան հանգույցը չեք քակելու: Սա ձեր հայրենիքն է, որտեղ չկան թշնամիներ: Մանդատի համար պետք չէ միմյանց պատերազմ հայտարարել, պատերազմով ու կռվով չեն ուժեղանում: Ոչ էլ հայհոյելով ու հայբուդուրով:

Ընտրությունների կենտրոնում ոչ թե իշխանությունն է, այլ ժողովուրդը, ու ժողովրդից փող բաժանելով ազատվելը՝ հետո նրա ուսերին նստելու համար, ելք չէ՝ ոչ ժողովրդի, ոչ ձեզ համար: Կամ՝ կարճատև ելք է՝ անտառապահը գալու ու մաքրելու է անտառը: Իսկ ժամանակը ձեր կյանքից է գնում: Օրենսգրքերը, սահմանադրությունները, նախագահներն ու կառավարությունները փոխվում են, անփոփոխը ընթացքն է: Ելքի որոնումն ու ելք գտնելը: Ո՞վ, ե՞րբ, ո՞ւմ, ի՞նչ, ինչո՞ւ է ասել՝ կարևոր է օրվա մեջ, ժամանակի մեջ կարևորը ստացածդ բազմապատկած վերադարձնելն է: Դա է քո արժեքը: Ոմանց՝ գինը, ոմանց՝ սնանկությունը, ոմանց՝ ճակատագիրը: Ընտրությունը արժեքների մեջ է, որ ստեղծվում են նաև ընտրությունների ընթացքում: ՈՒ՝ ելքով: Մուգունինի բա՝ կներեք, եթե ցավոտ էր:

Դիտվել է՝ 2223

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ